Պետրոս առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս առաքյալ
ԺամանակաշրջանHigh Roman Empire?
Ծնունդմ. թ. ա. 1[1]
ԾննդավայրԲեթսաիդա, Գալիլեա, Հռոմեական կայսրություն
Վախճանոչ վաղ քան հոկտեմբերի 13, 64 և ոչ ուշ քան 68
Վախճան վայրՀռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[2]
Վախճան պատճառխաչելություն
Թաղման վայրենթդ․ Vatican Necropolis
Եկեղեցիողջ քրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրԱվագ տոներ (ՀԱԵ)
Հույն Եկեղեցի՝ հունիսի 29-ին
Կաթոլիկ Եկեղեցի՝ Աթոռակալությունը Հռոմում հունվարի 18-ին, Այցելությունը Անտիոք փետրվարի 22-ին, Ձերբակալումը՝ օգոստոսի 1-ին
Աշխատանքքրիստոնյա քահանա, ձկնորս և կաթոլիկ եպիսկոպոս
ՊաշտոնՀռոմի Պապ, առաքյալ և Անտիոքի պատրիարք
Ապրելաձևմիստիցիզմ
ԲնակավայրԵրուսաղեմ, Անտիոք, Հռոմ և Կապարնաում[3]
ԱշակերտEvodius?
ՈւսուցիչՀիսուս
Ամուսինwife of Saint Peter?
Քույր/եղբայրԱնդրեաս առաքյալ

Պետրոս առաքյալ (Սուրբ Պետրոս, հունարեն՝ Απόστολος Πέτρος, Պետրոս - արամեերեն Կեփաս՝ «վեմ», մ. թ. ա. 1[1], Բեթսաիդա, Գալիլեա, Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան հոկտեմբերի 13, 64 և ոչ ուշ քան 68, Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[2]), ծնված՝ Սիմոն (արամ.՝ «ունկնդրում»), եբրայերեն՝ שמעון‎), Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից (առաքյալներից) մեկը։ Ծննդյան թվականն անհայտ է, բայց Կաթոլիկ եկեղեցին Սբ. Պետրոսին ավանդաբար համարում է Քրիստոսի հասակակից (ծ. 1)։ Ըստ Ավետարանի, ծնվել է Պաղեստինի Բեթսայիդա քաղաքում, եղբայրն էր Անդրեաս առաքյալի և որդին Հովնանի (հմմտ. Մատթ.4։ 18, Հովհ. 1։42, 44)։ Ապրել է նաև Կափառնայումում, որտեղ հավանաբար ամուսնացել է (հմմտ. Մատթ. 8։ 14)։ Հիշյալ 2 քաղաքներն էլ գտնվում էին Տիբերական լճի ափին, ինչն էլ հիմնավորում է Պետրոսի՝ ձկնորս լինելու հանգամանքը (հմմտ. Մատթ. 4։18)։ Առաքյալների շարքում ամենից շատ տեղեկությունները հենց Պետրոսի մասին են. նա գործող դեմք է թե Ավետարանում և թե Գործք առաքելոցում։

Քրիստոս կանչում է Պետրոսին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննու Ավետարանը բացահայտում է, որ Պետրոս առաքյալը, հավանաբար ազդված է եղել Հովհաննես Մկրտչի քարոզչությունից, քանի որ եղբայրը՝ Անդրեասը, Մկրտչի աշակերտներից էր։ Անդրեասի շնորհիվ Պետրոսը եղավ Քրիստոսի կողմից կանչված առաջին առաքյալներից մեկը.

Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և գնացին Հիսուսի հետևից։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային (որ թարգմանվում է՝ Քրիստոս)։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուս ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է՝ Պետրոս)» (Հովհ. 1։40-42), «Մինչ Հիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և նրա եղբայր Անդրեասին. ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ Եվ նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ Եվ նրանք իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից։
- (Մատթ.4։18)։

Ահա այս և մի քանի այլ պատճառներով Պետրոսը 12 առաքյալների շարքում միշտ հիշատակվում է առաջինը (հմմտ. Մատթ. 10։2, Մարկ. 3։16, Ղուկ. 6։14)։ Առաջինը հիշատակվելը, այն, որ Քրիստոս միշտ առանձնության մեջ գերադասում էր իր հետ վերցնել Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (հմմտ. Մատթ. 17։1, 26։37, Մարկ. 5։37, 9։1, 14։33), ինչպես նաև Քրիստոսի խոսքը, թե «Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն։ Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում։ Եվ ինչ որ արձակես երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում» (Մատթ. 16։ 17-18), տարածված կարծիք են ստեղծել, թե Պետրոսը առաքյալների դասի մեջ հեղինակությամբ առաջինն է («primus inter pares»՝ առաջինը հավասարների մեջ)։ Այս կարծիքը հատկապես չարաշահվում է Կաթոլիկ եկեղեցու կողմից, որն ավանդաբար Պետրոսին է վերագրում Հռոմի եկեղեցու հիմնումը՝ համարելով Պետրոս առաքյալին Հռոմի առաջին պապը։ Իրականում դեռևս 3-րդ դարում Որոգինեսը այս հարցի վերաբերյալ նշում է, որ «վեմը» Պետրոսի հավատքն է (հմմտ. Ես. 51։ 1, Եփես. 2։ 20) և ոչ թե Պետրոսի անձը և խոսելով Պետրոսի հետ՝ Քրիստոս նկատի ուներ բոլոր առաքյալներին։

Պետրոս առաքյալի կերպարը Ավետարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առհասարակ Պետրոսի կերպարը Ավետարանում ամենացայտուններից է, ինչն էլ ընդգծված է պատկերում նրա խառնվածքի որոշ գծեր։ Այսպես՝ առավել ցայտուն նրա կերպարն արտահայտվում է հետևյալ դրվագներում՝

  • Գենեսարեթի ծովակում՝ նավակի մեջ քարոզելուց հետո Քրիստոս ուռկանները պատռվելու չափ շատ որս է պարգևում ձկնորսներն. «Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին ընկավ և ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. 5։1-8)։
  • Պետրոսը տեսնում է ջրերի վրայով քայլող Հիսուսին. «Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ Նա ասաց՝ արի՛։ Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ։ Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Եվ իսկույն Հիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթ. 14։25-31)։
  • Այլակերպության դրվագում «Պետրոսը և նրա հետ գտնվողները քնի ծանրության տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք նրա մոտ կանգնած էին։ Եվ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չէր իմանում, թե ինչ էր խոսում» (Ղուկ. 9։32-33)։
  • Քրիստոսի՝ հարուստների փրկության մասին խոսելուց հետո «Պետրոսը պատասխան տվեց ու ասաց նրան. «Ահա՛վասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք»» (Մատթ. 19։27)։
  • Հիսուսի հարցին, թե ինչ են կարծում աշակարտները իր մասին «Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»» (Մատթ. 16։15)։ «Այն ժամանակ խստիվ պատվիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։ Դրանից հետո Հիսուս սկսեց hստակորեն հայտնել աշակերտներին, թե պետք է, որ ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետներից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։ Եվ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդ քեզ չի պատահի»։ Եվ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16։19-22)։
  • Համաձայն Հովհաննեսի Ավետարանի՝ Վերջին ընթրիքից առաջ Քրիստոս նախ լվանում է առաքյալների ոտքերը. «Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա՛»։ Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ» (Հովհ. 13։ 6։ 10)։
  • Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի խոսքին, թե առաքյալները իր պատճառով գայթակղվելու են, Պետրոսը իրեն բնորոշ համարձակությամբ ասում է. «Թեպետ և ամենքը քո պատճառով գայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Թե քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա»» (Մատթ. 26։33-35)։ «...Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»։ Եվ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնորեն լաց եղավ» (Ղուկ. 22։ 61-62)։
  • Հիսուսի մատնության դրվագում Պետրոսը ցույց է տալիս նաև իր բնավորության համարձակ գծերը. «Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն և զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց։ Եվ այն ծառայի անունը Մաղքոս էր» (Հովհ. 18։ 10)։
  • Լսելով Քրիստոսի Հարության լուրը, Պետրոսն առաջինն է նետվում դեպի գերեզման. «Պետրոսը և մյուս աշակերտը ելան և գերեզման էին գալիս։ Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ։ Եվ կռանալով՝ տեսավ, որ կտավները այնտեղ էին, բայց ներս չմտավ։ Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս. մտավ գերեզմանը և տեսավ, որ կտավները այնտեղ էին, եվ վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված՝ մի կողմ էր։ Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի առաջ էր եկել գերեզման. տեսավ ու հավատաց. քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե՝ մեռելներից պետք է հարություն առնի» (Հովհ. 20։ 3-9)։
  • Քրիստոսի Հարությունից հետո, երբ աշակերտները Տիբերիայի ծովում ձուկ էին որսում, Պետրոսը տեսնում է Քրիստոսին. «Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն նետեց ծովի մեջ»։ Սրանից քիչ հետո Քրիստոս երիցս հարց է ուղղում. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը երեք անգամ էլ պատասխանում է, որ սիրում է, ինչի համար Քրիստոս պատվիրում է նրան հովվել Իր հոտին (Հովհ. 21։ 16-18)։ Համաձայն մեկնությունների՝ Քրիստոսի՝ երեք անգամ տված միևնույն հարցը նպատակ ուներ շտկելու Պետրոսի գործած սխալմունքը՝ երեքանգամյա ուրացումները, որոնց համար առաքյալը զղջաել էր արցունքներով։

Պետրոս առաքյալի կերպարը Գործք առաքելոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործք առաքելոցի առաջին գլուխներում էլ՝ մինչև Ստեփանոս նախասարկավագի նահատակությունը, Պետրոս առաքյալը հանդես է գալիս որպես գլխավոր գործիչներից մեկը, ապա աստիճանաբար նրա ընդգծված կերպարը այլևս չի երևում ասպարեզում։

  • Պետրոսն առաջինն է հանդես գալիս քարոզով և առաջարկում նոր առաքյալի ընտրությունը, ինչի արդյունքում Հուդա Իսկարիովտացուն առաքելական պաշտոնում փոխարինում է Մատաթիան (Գործք. 1։ 15։ 25)։
  • Նույնպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու գալստյամբ առաքյալների լեզվախոսությունը ծաղրողներին քարոզ է խոսում դարձյալ Պետրոսը (Գործք. 2։ 14-36), այնպես, որ «Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը. որովհետև խոստումը ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը»։ Եվ Պետրոսը ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցե՛ք ձեր անձերը այս խոտորյալ սերնդից»։ Ոմանք հոժարությամբ ընդունելով նրա խոսքը՝ մկրտվեցին. և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան» (Գործք. 2։ 37-41)։
  • Պետրոսը Քրիստոսի անվամբ և Սուրբ Հոգու շնորհով բժշկումներ է անում (Գործք. 3, 9։ 30-33). «հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին» (Գործք. 5։ 15)։
  • Ամենուր վկայում է Քրիստոսին՝ արժանանալով հալածանքների հրեա կրոնական առաջնորդներից (Գործք. 4։1-23, 5։17-42, 12։1-9)։
  • Հրաշքներ է գործում՝ անարժաններին պատժի ենթարկելով, ինչպես Անանիային և Սափիրային (Գործք. 5։ 1-11), և արժանավորներին հարություն տալով, ինչպես Այծեմնիկին (Գործք. 9։ 35-41)։
  • Գործք առաքելոցը Պետրոսին ներկայացնում է նաև որպես Սամարիայի քարոզիչ և առհասարակ նրա հետ է կապում հեթանոսների մեջ քրիստոնեական քարոզչության սկզբնավորումը (հմմտ. 8։ 14-17, 11։ 1)։ Սրա վառ ապացույցներից է նաև հեթանոս հարյուրապետ Կոռնելիոսի դարձը (Գործք. 10։ 1-7, 25-48), որին նպաստող հանգամանք եղավ Պետրոսի տեսիլքը պիղծ կերակուրների մասին (Գործք. 10։ 9-20)։ Այդ տեսիլքը խորհրդանշում էր հեթանոսների՝ Աստծո Արքայության մեջ տեղ ունենալը։ Պետրոս առաքյալի այսօրինակ դրական մոտեցումը հեթանոսներին բողոքի ալիք է ստեղծում քրիստոնեացած հրաների շրջանում, ինչի արդյունքում նա հրաժարվում է հեթանոսների հետ սեղան նստելուց։ Այս վերջին հանգամանքը շատ անհանգստացնում է Պողոս առաքյալին, ով իր հերթին չի հապաղում Պետրոսին հիշեցնել ճիշտ և աստվածահաճո ճանապարհը (հմմտ. Գաղ. 2։ 11-14), ուստի և Պողոս առաքյալը Պետրոսին անվանում է հրեաների առաքյալ՝ հեթանոսների առաքյալ տիտղոսը վերապահելով իրեն (հմմտ. Գաղ. 2։ 7-8)։
  • Ստեփանոս սարկավագի նահատակությունից հետո դժվար է հետևել Պետրոսի քարոզչական ճամփորդությանը. Հոպպեում, Կեսարիայում նրա գտնվելը վկայում է, որ նա Պաղեստինի առաքյալն է։ հայտնի է, որ եղել է Անտիոքում, հնարավոր է եղած լինի նաև Կորնթոսում և Փոքր Ասիայի հյուսիսում։ Բավական վիճահարույց է Պետրոս առաքյալի՝ Հռոմում գտնվելու հանգամանքը (սա պնդում է հատկապես Կաթոլիկ Եկեղեցին՝ Պետրոսին համարելով Հռոմեակաթոլիկ Եկեղեցու հիմնադիրը և առաջին պապը)։ Սրա օգտին է խոսում միայն Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին նամակը, որտեղ ակնարկներ կան Ներոնի հալածանքների վերավերյալ։

Պետրոս առաքյալը Ավանդության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն եկեղեցական Ավանդության (այն մեզ է փոխանցում Կղեմես Հռոմեացին) Պետրոս և Պողոս առաքյալներն էլ նահատակվել են Հռոմում՝ Ներոնի հալածանքների ժամանակ։ Եվսեբիոս Կեսարացին էլ է նշում Պետրոսի՝ Հռոմում լինելը՝ նրան անվանելով Հռոմի աթոռի հիմնադիր։ Առաքելական հայրերից Պապիսն էլ իր հերթին փաստում է, որ Պետրոս առաքյալը շատերի կարծիքով քարոզել է Պոնտոսում, Գաղատիայում, Բյութանիայում, Կապադովկիայում, Ասիայում և ապա Հռոմում, ուր և նահատակվել է։ Այս վկայությունները, սակայն, քիչ վավերական են համարվում արդի ուսումնասիրողների կողմից, քանի որ Պողոս առաքյալը Հռոմում ապրած տարիներին գրված նամակներում հիշատակում ու ողջույններ է ոըղարկում հռոմեաբնակ շատ աշակերտների ու քրիստոնյաների անունից, սակայն Պետրոսին այդպես էլ չի հիշատակում։ Հռոմում քարոզելու վերաբերյալ չի հիշատակում նաև Գործք առաքելոցը։ Ավելին, Պողոսը Գաղատացիներին ուղղված նամակի մեջ գրում է, որ հեթանոսների քարոզչությունը վստահվեց իրեն, իսկ հրեաներինը՝ Պետրոսի առաքյալին (հմմտ. 2։ 7-15)։

Պետրոս առաքյալի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս առաքյալի խաչելությունը

Պետրոս առաքյալի մահվան մասին Աստվածաշնչում հանդիպում ենք միայն Հովհաննու Ավետարանում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր՝ ուր և կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր չես կամենա»։ Այս ասաց, նշելով, թե ինչ մահով նա պիտի փառավորի Աստծուն» (Հովհ. 21։ 19-20)։ «Գործք Պետրոսի» պարականոն գրվածքը (Պետրոս առաքյալի անվամբ հայտնի է կանոնական 2 ընդհանրական նամակ) հայտնում է, թե Պետրոսը, անարժան համարելով իրեն խաչվել այնպես ինչպես Տերը, ցանկություն հայտնեց խաչվել գլխիվայր։ Նահատակության թվականը համարվում է 64 թ.։ Ըստ ավանդության նրա գերեզմանի վրա կառուցվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ խոշորագույն տաճարն աշխարհում։

Հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսի տաճարը Հռոմում
Երևանի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի

Սուրբ Պետրոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և տարեվերջին՝ Սուրբ Ծննդյանը նախորդող Ավագ Տոների շարքում՝ Պողոս առաքյալի հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է հունիսի 29-ին, իսկ Լատին Եկեղեցին ունի առաքյալին նվիրված երեք տոն՝ Աթոռակալությունը Հռոմում հունվարի 18-ին, Այցելությունը Անտիոք փետրվարի 22-ին, Ձերբակալումը՝ օգոստոսի 1-ին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  5. Բ.Եղիայեան, Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974։
  6. Новый библейский словапь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
  7. Роналд Браунригг, Кто есть кто в Новом Завете, Словарь, Москва, 1998.
  8. Архиепископ Аверкий, Четвероевангелие, Москва, 1999.
  9. Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003.
  10. Евсевий Памфил. Церковная история.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս առաքյալ» հոդվածին։