Անի։ Կանանց ելքը եկեղեցուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի։ Կանանց ելքը եկեղեցուց
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1905
բարձրություն133 սանտիմետր
լայնություն107 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Անի.Կանանց ելքը եկեղեցուց», Վարդգես Սուրենյանցի կտավ։ Հիմք կա ենթադրելու, որ այս նկարը մտահղացված է եղել ավելի վաղ որպես շարունակություն 1890-ական թվականների գործերի, բայց գաղափարը հասունացել է 1905 թվականին[1]։ Կտավն այժմ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[2]։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանանց ելքը եկեղեցուց» նկարի սյուժեն վերցված է Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի անցյալից, 12-րդ դարից։ Գաղափարը սելջուկների տիրապետության շրջանում պետական ինքնավարությունից զրկված հայ ժողովրդի տնտեսական ծանր կացության և խավարամոլության հետևանքով առաջացած կրոնական հավատալիքի գոյության փաստի հաստատումն է։ Նկարիչը թեպետ հեռավոր անցյալն է նկատի ունեցել, բայց նույնպիսի դրություն գոյություն ուներ և 20-րդ դարի սկզբներին՝ նկարչի ապրած տարիներին, սուլթանական Թուրքիայի և ռուսական ցարիզմի բռնակալության պայմաններում[1]։

Այս և Սուրենյանցի մի շարք այլ կտավներ աչքի են ընկնում երկրաչափական առավել բարձր ճշգրտությամբ։ Եկեղեցական ճարտարապետության դրվագների պատկերումների շնորհիվ նկարիչը շեշտել, ուժեղացրել է հոգևորի և մտավորի այն ներդաշնակությունը, որ կարող է ազգի գոյության լավագույն առհավատչյան լինել[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանանց ելքը եկեղեցուց» նկարը թափանցված է խորհրդավոր լռությամբ, մարդիկ համակված են խորին տրտմությամբ։ Սուրենյանցը պատկերել է եկեղեցուց դուրս եկած կանանց, ովքեր սպիտակ ծածկոցների մեջ պարուրված, գլխիկոր, յուրաքանչյուրն իր մտքերի մեջ խորասուզված, տխուր տրամադրությամբ տուն են ուղևորվում։ Ընդամենը մի քանի րոպե առաջ նրանք եկեղեցում էին և աղոթում էին հույսով ներշնչված։ Սակայն նրանց ապրումները վկայում են, որ հուսատու եկեղեցին անզոր է եղել փարատելու նրանց հոգսը, սփոփելու նրանց վիշտը։ Ըստ իրենց արտաքին հատկանիշների, նկարի կանայք պատկանում են աշխատավոր ժողովրդի խավին։ Պատկերի հուզականությունը ուժեղացնելու համար նկարիչը եկեղեցու գավթում պատկերել է գետնին նստած, ցնցոտիների մեջ, կիսամերկ ողորմություն հայցող աղքատ կնոջ, ում կարեկցելով ողորմություն է տալիս ժամավորներից մեկը[1]։

Այս հորինվածքում Սուրենյանցը նախընտրել է հեռանկարային կոմպոզիցիոն կառուցման որոշակի տիպ, և հատկապես ճակատային կենտրոնային, որի դեպքում տարածության հիմնական մասերը զուգահեռ են նկարի հարթությանը, իսկ հատման կետն ընկնում է պատկերի ուղղահայաց առանցքին։ Նկարի տեկտոնիկան պատճառաբանված է նաև ճարտարապետությամբ, որն իր խստապահանջ չափվածությամբ և վեհասքանչությամբ ծառայում է ոչ միայն որպես խորք, այլ նաև հիմք ստեղծում պատկերի կառուցվածքային կազմակերպման համար[4]։

Առավել չափով նկատելի դարձնելու համար կանանց, ովքեր պատկերի թե՛ գաղափարի, թե՛ կոմպոզիցիայի գլխավոր առանցքն են, Սուրենյանցը սեղմել է եկեղեցու գմբեթի մասը, ընդլայնել է դեպի գավիթ տանող աստիճանները, որով ստեղծել է հանդիսավորություն։ Գեղանկարի մեծ զգացողություն է պահանջվել գավթի համեմատաբար սառը կոլորիտի հետ այնպես հմտորեն ներդաշնակելու կանանց կարմրավուն զգեստները և սպիտակ ծածկոցները, որոնք վետվետում են իրիկնային լույսերի ցոլքերի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: «Հայաստան».
  2. «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին. {{cite web}}: Text "Անի. Կանանց ելքը եկեղեցուց - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  3. Ստամբոլցյան, Աստղիկ (2010 թ․ հունվարի 29). «ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ -150». Քրիստոնյա Հայաստան. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  4. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]