Ջուլիանո Բուջարդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիանո Բուջարդինի
Ծնվել էհունվարի 29, 1475(1475-01-29)[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել էփետրվարի 17, 1554(1554-02-17) (79 տարեկան) կամ փետրվարի 17, 1555(1555-02-17) (80 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն և  Ֆլորենցիայի դքսություն
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԴոմենիկո Գիրլանդայո և Պիերո դի Կոզիմո
ԱշակերտներՖրանչեսկո Սալվիատի
 Giuliano Bugiardini Վիքիպահեստում

Ջուլիանո Բուջարդինի (իտալ.՝ Giuliano Bugiardini, հայտնի է նաև Ջուլիանո դի Պիերո դի Սիմոնե (իտալ.՝ Giuliano di Piero di Simone անունով, հունվարի 29, 1475(1475-01-29)[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - փետրվարի 17, 1554(1554-02-17) կամ փետրվարի 17, 1555(1555-02-17), Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն), ուշ Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ և գծանկարիչ, որ ստեղծագործել է մաներիզմի ոճով։ Ծնվել և հիմնականում ապրել ու ստեղծագործել է Ֆլորենցիայում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Ջուլիանոն սկզբում աշակերտել է քանդակագործ Բերտոլդոյին, հետո դարձել է նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի աշակերտը[4]։ Գիրլանդայոյի արվեստանոցում ծանոթացել է Միքելանջելոյի հետ, որը նույնպես սովորում էր այդ վարպետի մոտ[5]։ Կարճ ժամանակում Բուջարդինին հասել է հաջողությունների ու ճանաչման, 1503 թվականին անդամագրվել է նկարիչների՝ Սուրբ Ղուկասի անունը կրող գիլդիային, որտեղ ծանոթացել և սկսել է համագործակցել նկարիչ Մարիոտո Ալբերտինելիի հետ[4]։ Այդ համագործակցությունը շարունակվել է մինչև 1509 թվականը, երբ վերջինս աշխատանքի է անցել Ֆրա Բարտոլոմեոյի արվեստանոցում։ Ֆրա Բարտոլոմեոյի վախճանվելուց հետո նրանք ավարտին են հասցրել վարպետի կիսատ թողած որոշ աշխատանքներ[5]։

Ջորջո Վազարիի վկայությամբ՝ Ջուլիանո Բուջարդինին մի կարճ ժամանակաշրջան համագործակցել է նաև Միքելանջելոյի հետ՝ Սիքստինյան կապելլայի որմնանկարների վրա վերջինիս աշխատելու ընթացքում։ Հետագայում Միքելանջելոյի գծանկարների հիման վրա Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նովելլա տաճարում Բուջարդինին նկարել է «Սուրբ Եկատերինայի չարչարանքները»։ 1526–1530 թվականներին նա ապրել ու ստեղծագործել է Բոլոնյայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուջարդինիի վաղ շրջանի գործերում, որոնք, ըստ ամենայնի, ստեղծվել են 1495-1500 թվականներին, կերպարվեստի պատմության մասնագետները նկատել են իր վարպետի՝ Գիրլադայոյի, ապա նաև Ֆրա Բարտոլոմեոյի և Մարիոտո Ալբերտինելիի ազդեցությունը[3]։

Իտալական բարձր Վերածննդի խոշոր վարպետները՝ Ռաֆայելը, Պերուջինոն, Լեոնարդոն, Միքելանջելոն, մշակել, զարգացրել, կատարելության են հասցրել 16-րդ դարասկզբի ֆլորենտական կերպարվեստի ոճը։ Արվեստի որոշ պատմաբանների կարծիքով՝ Բուջարդինին անհրաժեշտ չափով չի ըմբռնել այդ մեծ նկարիչների ստեղծագործական սկզբունքները և ունակ չի եղել ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու նրանց բնորոշ դասական հոյակապ, հիասքանչ ձևերով ու մակարդակով։ Այդ արվեստագետները Ջուլիանոյի ստեղծագործությունները համարում են բարձր Վերածննդի մոտիվների ոչ ճարտար թարգմանություն-նմանակումներ՝ իրականացված ժամանակավրեպ, հնացած ձևերով[5]։ Արվեստի այլ պատմաբաններ էլ Բուջարդինիի աշխատանքներում լուսավոր, խիտ գուներանգների առկայությունը համարում են Միքելանջելոյի և Անյոլո Բրոնձինոյի ազդեցության արտահայտություն։

Նկարչի ստեղծագործական ուշ շրջանի՝ մեզ հասած աշխատանքներից լայն ճանաչման է արժանացել հատկապես «Սուրբ կույսն ու Մարիամ Մագդաղենացին Հովհաննես Մկրտչի հետ» կտավը (մոտավորապես 1540 թվական), որտեղ Բուջարդինիին հաջողվել է վարպետորեն միաձուլել Ֆրա Բարտոլոմեոյի ոճը և Միքելանջելոյի արվեստի շունչը[3]։

Ջուլիանոյի մեկ այլ աշխատանք՝ «Կնոջ դիմանկար»-ը, վկայում է, որ նա օժտված է եղել դեմքեր պատկերելու նուրբ տաղանդով[4]։

Սակայն, հարկ է նաև նշել, որ նախկինում Բուջարդինիին վերագրված որոշ կտավների՝ նրա հեղինակ լինելու հանգամանքը կերպարվեստի մի շարք պատմաբանների կողմից ներկայումս կասկածի տակ է դրվում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Freedberg, Sydney J. (1993). Pelican History of Art (ed.). Painting in Italy, 1500-1600. Penguin Books Ltd. էջ 238.
  • Land, Norman. "Michelangelo's Shadow: Giuliano Bugiardini". Explorations in Renaissance Culture 31, 1 (Summer 2005), 1–18.
  • Pagnotta, Laura. Giuliano Bugiardini. Turin: Umberto Allemandi, 1987.
  • Wilk [Blake McHam], Sarah. "Bugiardini's Holy Family with the Young St. John the Baptist". Perceptions 2 (1982): 7-16.
  • «Буджардини, Джулио». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 "Bugiardini, Giuliano." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 1 Jun. 2016
  4. 4,0 4,1 4,2 Giuliano Bugiardini at the Uffizi website
  5. 5,0 5,1 5,2 Federico Zeri and Elizabeth E Gardner, Italian Paintings: Florentine School, a collection catalog, Metropolitan Museum of Art Publications, 1971, pages 189-191

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիանո Բուջարդինի» հոդվածին։