Շոպրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շոպրոն
հունգ.՝ Sopron
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Մակերես169,01 կմ²
Բնակչություն61 784 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ99
Փոստային դասիչ9400
Պաշտոնական կայքsopron.hu
Շոպրոն (Հունգարիա)##
Շոպրոն (Հունգարիա)
Փողոց Շոպրոնի հին քաղաքամասում

Շոպրոն (հունգ.՝  Sopron, գերմ.՝ Ödenburg), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Ավստրիայի հետ նրա պետական սահմանի և Նոյզիդլեր Զեե (Ֆերտյո) լճի մերձակայքում, Դյոր-Մոշոն-Շոպրոն մեդյեում (մարզում), որտեղ մեծությամբ երկրորդ բնակավայրն է։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 61 249[2]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Բուդապեշտից մոտավորապես 220, մարզկենտրոն Դյորից՝ 80 կիլոմետր դեպի արևմուտք, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից՝ 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ավտոմայրուղիներով և երկաթգծով կապված է Վիեննայի, Դյորի և մերձբալատոնյան տարածաշրջանի քաղաքների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից։ Հինհռոմեական տիրապետության շրջանում այդտեղ է գտնվել Սկարբանտիա քաղաքը, որն ընկած է եղել Մերձբալթիկան Հարավային Եվրոպայի հետ կապող Սաթի առևտրային ճանապարհի վրա։ Հռոմեական կայսրության անկումից հետո քաղաքը հիմնովին թալանվել ու ավերվել է և վերակառուցվել է միայն հունգարների գալուց հետո։ XI դարում կառուցվել են քաղաքային պարիսպները և լավ ամրացված բերդը, որի տերերից մեկի անունով էլ կոչվել է բնակավայրը։ Պատմական փաստաթղթերում Շոպրոն անունով բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1153 թվականին։ 1273 թվականին Շոպրոնին շնորհվել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ[3]։ 16-րդ դարի սկզբներին Հունգարիա ներխուժած թուրքերը 1529 թվականին ավարի ու ավերի են մատնել Շոպրոնը, բայց չեն կարողացել տևական ժամանակով իրենց տիրապետությունը հաստատել։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Ավստրո-Հունգարիայի տրոհումից հետո, սենժերմենյան և տրիանոնյան պայմանագրերի համաձայն, հունգարական շատ տարածքների պես Շոպրոնն ու մերձակա բնակավայրերն էլ պիտի անցնեին հարևաններին, սակայն Հունգարիայի կառավարությունը հրաժարվել է զիջել։ Վեճին վերջնական լուծում տալու նպատակով 1921 թվականի դեկտեմբերին անց է կացվել հանրաքվե, որի արդյունքներով Շոպրոնը մնացել է Հունգարիայի կազմում։ Ավստրիան 1922 թվականի փետրվարի 20-ին վերջապես ընդունել է հանրաքվեի արդյունքները[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը զգալի չափով ավերվել է, նրա բազմամարդ հրեական համայնքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է մահվան ճամբարներում։ Խորհրդային զորքերը 1945 թվականի ապրիլի 1-ին ազատագրել են քաղաքը։

1989 թվականի օգոստոսի 19-ին Շոպրոնի մերձակայքում՝ պետական սահմանի մոտ տեղի է ունեցել այսպես կոչված՝ համաեվրոպական պիկնիկ, որի արդյունքում վեց հարյուրից ավել արևելագերմանացիներ կարողացել են հատել սահմանը և տեղափոխվել Արևմուտք[5]։ Եվրոպական այդ զբոսախնջույքը դարձել է «երկաթե վարագույրի» քայքայման խորհրդանիշերից մեկը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
187023 102—    
188025 513+10.4%
189029 788+16.8%
190035 703+19.9%
191036 721+2.9%
192038 243+4.1%
193039 436+3.1%
194146 120+16.9%
194935 617−22.8%
196041 110+15.4%
197047 111+14.6%
198053 945+14.5%
199055 083+2.1%
200156 175+2.0%
201160 548+7.8%
202063 065+4.2%

1910 թվականին Շոպրոնն ունեցել է 33.931 բնակիչ (51% -ը գերմանացիներ, 44.3%-ը հունգարացիներ, 4.7%-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ)։ Ըստ դավանանքի՝ 64.1%-ը՝ հռոմեադավան կաթոլիկներ, 27.8%-ը՝ լյութերականներ, 6.6%-ը՝ հուդայականություն դավանողներ, 1.2%-ը՝ կալվինականներ, 0.3%-ը՝ այլ դավանանքների հետևորդներ[6]։ 2001 թվականին քաղաքն ունեցել է 56.125 բնակիչ (92.8%-ը հունգարացիներ, 3.5%-ը գերմանացիներ, 3.7%-ը այլ ազգությունների ներկայացուցիչներ)[7]։ Ըստ դավանանքի՝ 69%-ը հռոմեադավան կաթոլիկներ, 7%-ը լյութերականներ, 3%-ը կալվինականներ, 8.1%-ը աթեիստներ, 11.9%-ը դավանանքը չեն նշել, 1%-ը՝ այլ դավանանքների հետևորդներ[8][9]։

Խոսակցական լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 և 1910 թվականներին անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Շոպրոնի բնակչությունը ըստ խոսակցական լեզվի ունեցել է այսպիսի կազմ[10].

Լեզուն Թվաքանակը
1900
% 1900 Թվաքանակը
1910
% 1910
Բնակչ. ընդհ թիվը 33 478 100,0 % 33 932 100,0 %
գերմաներեն 17 924 53,5 % 17 318 51,0 %
հունգարերեն 13 540 40,4 % 91 305 44,3 %
խորվաթերեն 946 2,8 % 781 2,3 %
սլովակերեն 279 0,8 % 184 0,5 %
ռումիներեն 13 0,0 % 13 0,0 %
սերբերեն 9 0,0 % 8 0,1 %
ռուսիներեն (ուկրաիներեն) 2 0,0 % 0 0,0 %
այլ 765 2,3 % 606 1,8 %

Դավանանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 և 1910 թվականներին անցկացված մարդահամարների տվյալների համաձայն՝ Շոպրոնի բնակչությունը ըստ դավանանքի ունեցել է այսպիսի կազմ[11].

Դավանանքը Թվաքանակը
1900
% 1900 Թվաքանակը
1910
% 1910
Բնակչ. ընդհ թիվը 33 478 100,0 % 33 932 100,0 %
կաթոլիկ (հռոմ.) 21 406 63,9 % 21 752 64,1 %
լյութերական 9 249 27,6 % 9 427 27,8 %
հուդայական. 2 440 7,3 % 2 255 6,6 %
կալվինական. 313 0,9 % 403 1,2 %
կաթոլիկ (արևելյան) 40 0,1 % 41 0,1 %
ուղղափառ 17 0,1 % 32 0,1 %
ունիտարիզմ 10 0,0 % 19 0,1 %
այլ 3 0,0 % 3 0,0 %

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական կարգերի օրոք Շոպրոնում շահագործման են հանձնվել արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ։ Հետսոցիալիստական շրջանում քաղաքը դարձել է Ավստրիայի հետ տնտեսական կապեր ապահովող կենտրոն։ Արագ թափով զարգացել է զբոսաշրջային ոլորտը։ Աճել է սննդի արդյունաբերության, այդ թվում՝ գինեգործության ու գարեջրագործության տեսակարար կշիռը։ Blue Frankish (= Kékfrankos, Blaufränkisch), Traminer, և Green Veltliner (= Zöld Veltelini, Grüner Veltliner) գինետեսակները, «Շոպրոնի» գարեջուրը քաջածանոթ ու սիրված են շատերի կողմից։ Իսկ Blue Frankish և Pinot Noir գինիները հաճախակի մրցանակներ են շահում միջազգային մրցույթներում[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոպրոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[13].

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH, 2023.
  2. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
  3. Portal.sopron.hu På engelska, läst 15 september 2015
  4. Hungarianhistory.com: A Case Study on Trianon På engelska, läst 15 september 2015
  5. Dagens Nyheter, 18 augusti 2009: 20 år sedan ”paneuropeiska picknicken” Läst 15 september 2015
  6. «1910 census (English)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  7. 2001 census - Nationalities
  8. 2001 census - Religions
  9. Historical population of Győr-Moson-Sopron (Hungarian Central Statistical Office)
  10. Kt.lib.pte.hu (På ungerska), läst 15 september 2015
  11. Kt.lib.pte.hu Արխիվացված 2014-02-21 Wayback Machine (På ungerska), läst 15 september 2015
  12. «Wine Regions Sopron». www.winetime.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  13. «Testvérvárosaink». sopron.hu (հունգարերեն). Sopron. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Sopronին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոպրոն» հոդվածին։