User:Norayr Azaryan/sandbox

From Wikipedia, the free encyclopedia

Հայաստանի Առաջին Հանրապետության հատուկ ծառայությունները

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման օրից սկսած գլխավոր խնդիրներից մեկը եղել է հատուկ ծառայությունների, ի դեմս հետախուզության և հակահետախուզության, կառույցի ստեղծումը, առանց որի ոչ մի անկախ պետություն, որպես այդպիսին չի կարող գոյություն ունենալ։ Առաջին Հանրապետության հատուկ ծառայությունների մասին հայտնի է շատ քիչ, քանի որ արխիվներում ևս սուղ տեղեկություններ են եղել այդ ժամանակաշրջանի և մասնավորապես այդ թեմայի մասին։ Չնայած դրան, հայտնի է, որ այդ ժամանակի կառավարությունը ջանք չի խնայել հետախուզության և հակահետախուզության գործի զարգացման համար, ունեցել է վայրիվերումներ։

Կարևոր իրադարցություններ

1919 թ. մարտին թվագրվող Թիֆլիսի հայկական դիվանագիտական ներկայացուցչության փաստաթղթերից մեկում շարադրվում են ռազմական գործակալների գործունեության ընդհանուր սկզբունքները, նրանց հետախուզության օբյեկտները և դիվանագիտական ներկայացուցչության հետ կապերի ձևերն ու եղանակները, որպես նրանց գործունեության պարտադիր պայմաններ, ինչի համար նախատեսվում էին չորս մարդ բարձր կոչումներով, երեք հոգի՝ ցածր սպայական կոչումներով։ Այդ նույն փաստաթղթում նշվում էր, որ Թիֆլիսում պահանջվում է գլխավոր շտաբի բարձր սպայական կոչում ունեցող սպա, որ ռազմական գծով պետք է լինի դիվանագիտական ներկայացուցչության կազմում, և փաստորեն անհրաժեշտ ռազմաքաղաքական հետախուզական տվյալները պետք է հավաքվեին և հաղորդվեին նրա միջոցով: Այդ գործի համար միակ հնարավոր թեկնածուն համարվում էր գեներալ Կորգանովը, որը փայլուն գիտեր ֆրանսերեն, անգլիացիներին գիտեր իր գործունեությունից Պարսկաստանում, որտեղ եղել էր գեներալ Բարաթովի էքսպեդիցիոն կորպուսի շտաբի կազմում: Կա հետաքրքրական ևս մի փաստաթուղթ, որից ակնհայտ է դառնում, որ ռազմական նախարարությունը իր ուժերի և հնարավորությունների շրջանակներում զբաղվել է հետախուզական գործի կազմակերպմամբ, տարել է որոշակի գործնական աշխատանք։ Ներքին գործերի նախարարին հասցեագրված 1919թ. հունիսի 21-ի գրությունում՝ գեներալ-լեյտենանտ Սիլիկյանը հաղորդում է, որ ստացված տեղեկությունների համաձայն Աջարիայից, Վրաստանից և Ադրբեջանից լրտեսական նպատակներով Հայաստան է ուղարկվել ագենտների մեծ թիվ, որոնք ցանկություն են հայտնել ծառայության մտնելու զանազան մանր պաշտոններով Հայաստանում, օրինակ, բուֆետապաններ երկաթուղում և այլն: Այնուհետև ներքին գործերի նախարարից խնդրեցին հաղորդել, թե կան արդյոք այդպիսի անձնավորություններ, որոնք ցանկություն են դրսևորել որոշակիանալու ծառայության մեջ։ Պահանջվում էր նրանց ազգանունները, և եթե նրանցից ոմանք արդեն ընդունվել էին աշխատանքի, ապա դրանց անհապաղ հեռացման իրականացումը Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի, Կարսի, Երևանի շրջաններից. մի խոսքով՝ սահմանային շրջաններից։ Սա ուշագրավ մի փաստաթուղթ է, որն ապացուցում է, որ չնայած հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ծննդի, գոյության ծանր ու անտանելի պայմաններին, 1918-20թթ. որոշակի քայլեր էին արվում ոչ միայն կազմակերպելու հատուկ ծառայություններ, հետախուզություն և հակահետախուզություն, այլև դրանք աշխատում էին՝ մեծ ճիգեր գործադրելով ապահովելու Հայաստանի ազգային-պետական անվտանգությունը։ Կարևոր տեղեկություն է ուղարկվում Թիֆլիս՝ Հայկական դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ գեներալ Քիշմիշկի հասցեով, 1919թ. սեպտեմբերի 7-ին: Ուղարկողը Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբի ընդհանուր բաժնի պետ կապիտան Շումովն էր, պրոֆեսիոնալ հետախույց։ Վերը բերված հաղորդագրության մեջ Շումովը տեղեկություն էր տալիս օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դրանում հաղորդվում էր մուսուլմանական բնակչության եռանդուն նախապատրաստությունների ու տեղաշարժերի մասին Բասարգեչար-Թազաքենդ- Դարալագյազ-Նոր Բայազետ-Ղամարլու գծի վրա, ուր տեղի էին ունեցել բախումներ՝ քրդերի հետ, որոնք գործում էին փոքրաթիվ խմբերով։ Նշվում էր դարձյալ Բոյուք Վեդիի մուսուլմանաբնակ գյուղերի աշխուժացման մասին։ Հետախուզական տեղեկատվության մեջ ասվում էր նաև Կաղզվան-Քարաքուրտի քրդերի գործողությունների մասին, որոնք նպատակ էին հետապնդում մաքրել Կաղզվանի շրջանը իրենց համար օտարածին բնակչությունից: Հաղորդվում էր նաև Մերդենենկի ուղղությամբ քրդերի ակտիվացման, նրանց և հայկական կողմի կորուստների, ինչպես նաև հայկական զորքերի հրամանատարների շրջանում իշխող տրամադրությունների մասին: Տեղեկատվությունից պարզ է դառնում նաև, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները Անդրկովկասում ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների ապահովման կարևոր օղակներ էին, այլև հետախուզական տեղեկատվության չափազանց կարևոր կենտրոնատեղիներ, հայրենիքի համար արտաքին աշխարհի հետ քիչ թե շատ հուսալի կապի միջոցներ: 1920թ․ Մայիսի 8-ին նախարարների խորհուրդը, լսելով զիննախարարի զեկույցը հետախուզական և հակահետախուզական գործի մասին, որոշում է այդ գործը ենթարկել ՀՀ դեսպանների հսկողությանը։ 1920թ. մայիսի 22-ի տեղեկատվությամբ՝ Բաթումի ընդհանուր հյուպատոսությունը հաղորդում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարին ադրբեջանական կառավարության և նրա դիվանագիտական ներկայացուցիչների միջև փոխանակված գաղտնի գրությունների մասին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կառավարության, նրա ներկայացուցիչների ու գաղտնի գործակալների Հայաստանում ծավալած հակապետական գործունեությանը, որը զգալի վնաս էր հանցնում երկրի անվտանգության գործին: Միանգամայն ակնհայտ է, որ 1918-20թթ. դժվարին տնտեսաֆինանսական և ռազմաքաղաքական իրավիճակում հատուկ ծառայությունները աշխատում էին, ջանքեր էին գործադրում կայանալու որպես ինքնուրույն օրգանիզմ: Ինքնին հասկանալի է, որ Առաջին Հանրապետության հատուկ ծառայությունը իր ենթակառույցներով ստեղծվել է հենց ռազմական նախարարության կազմում, ինչը միանգամայն բնական է մի երկրի համար, որն անընդհատ գտնվելէ պատերազմական իրավիճակում: Գլխավոր շտաբի կազմում ընդգրկվեցին փորձառու փոխգնդապետեր Շնեուրը և Պրիտոմանովը, որոնց անունները բազմիցս հայտնվում են պատերազմական և այլ արտակարգ իրավիճակների հետ կապված տեղեկագրերում (այդ մասին են վկայում տարաբնույթ արխիվային փաստաթղթերը և մասնավորապես ՀՀ Պետական Կենտրոնական Պատմական արխիվի մի շարք ֆոնդերի վավերագրերը), ինչպես նաև կապիտաններ Շումովը, Մեդմեդևը և հայկական դիվիզիայի շտաբի զորամասերի մի շարք սպաներ։ Կարևոր է նաև կառավարության որոշումը սահմանապահ գնդերի կազմակերպման մասին, որի մասին զեկույց լսվեց նախարարների խորհրդի՝ 1920թ. հունիսի 14-ի նիստում, որի մասին տրվում են համապատասխան հանձնարարականներ։

Առաջին Հանրապետության Գլխավոր Շտաբի բաժինները և անձնակազմը

Գլխավոր շտաբն իր ստեղծման պահից ուներ հետևյալ բաժինները. Ընդհանուր — պետ` կապիտան Շումով, օգնական՝ պոդպորուչիկ Մենիկ Դվերնիցկի Օպերատիվ – պետ՝ փոխգնդապետ Պրիտոմանով Հետախուզական - պետ` փոխգնդապետ Շնեուր, մի շարք աշխատակիցներ. ա) հետախուզության գծով 1919թ. սեպտեմբերից մինչ 1920թ. ապրիլը որպես բաժնի պետ աշխատել է Վահագն Գալուստի Մուրադյանը, ով անկուսակցական էր, իսկ 1920թ. ապրիլից մինչև հունիսի վերջը Տիգրան Դեվոյանը, ով քաղաքական համոզմունքներով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ էր, վերջապես՝ 1920թ. հուլիսից մինչև Հայաստանի խորհրդայնացումը ընկած ժամանակահատվածում (դեկտեմբերի 2-ը) հետախուզական բաժինը որպես նրա պետ գլխավորել է Միքայել Դոդոխյանը։ Հետախուզության բաժնում աշխատում էին պոդպորուչիկ Լևոն Բաշինջաղյանը (հանձնարարությունների գծով սպա, այնուհետև հետախուզության ռեզիդենտ Վրաստանում), Սեմյոն Հովսեփյանը (գրասենյակի և Ղամարլույում հետախուզության վարիչ), որին հետագայում գրասենյակի վարիչի պաշտոնում փոխարինել է Միքայել Նազարբեկովը, ինչպես նաև Արշակ Սարգիսյանը (ռեզիդենտ Բաքվում), Գրիգորի երամովը (դիտորդ Վրաստանում) և ուրիշներ;

բ) հակահետախուզության բաժինը ղեկավարում էր Հովան Խան-Կոտուրսկին, որին փոխարինում և գործակալներին հետևում էր հանձնարարությունների գծով սպա Գրիգորի Խաչատրյանը;

գ) ընդհանուր բաժինը գլխավորում էր Պյոտր Պալինը: