User:Arusikjanjan

From Wikipedia, the free encyclopedia

ԼՂՀ[edit]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) ձեւավորվել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում, ԽՍՀՄ պետական կառույցում ներառնված ազգային-պետական կազմավորման Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) եւ հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա:

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ[edit]

Արցախահայությունը դժվարին իրավիճակում պետք է ձեռնամուխ լիներ նորօրյա պետության կերտմանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից Ղարաբաղում տարվող կողմնակալ վերաբերմունքը արտահայտվում էր առաջին հերթին տնտեսության ոլորտում։ Վաթսուն տարվա ընթացքում՝ 1913–1973թթ., Ադրբեջանում արդյունաբերությունը աճել էր 40 անգամ, իսկ Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ հազիվ 15 անգամ։ ԼՂԻՄ-ում 1926–1976թթ. բնակչության արտագաղթի հետևանքով հայկական բնակավայրերը 85-ով պակասել էին, ադրբեջանականը՝ 17-ով ավելացել։ 1988թ. Լեռնային Ղարաբաղը հայտնվել էր Ադրբեջանի օղակում։ Ադրբեջանում արգելվում և հափշտակվում էին Լեռնային Ղարաբաղ ուղղվող ժողովրդատնտեսական ապրանքներով բեռնված գնացքները։ Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերից կատարված բռնագաղթի հետևանքով Ադրբեջանը յուրացրեց մեծ քանակությամբ բնակելի տներ, տեխնիկա, ցանքատարածություններ, գյուղատնտեսական կենդանիներ։ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բռնագաղթերը, հացահատիկային դաշտերի հրդեհումները, էլեկտրաէներգիայի անջատումները, ջրատար խողովակների պայթեցումներն ու անասունների հափշտակությունները վիթխարի վնաս հասցրին երկրի տնտեսությանը։ Լեռնային Ղարաբաղը էլեկտրաէներգիան ստանում էր սահմանակից ադրբեջանական շրջանների միջոցով։ 1988 թվից սկսվում են Լեռնային Ղարաբաղ մտնող էլեկտրականության պարբերական անջատումները, որոնք պատճառ դարձան Լեռնային Ղարաբաղի արդյունաբերության աղետալի անկմանը։ 1992թ. մայիսից դադարեցվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բնական գազի մատակարարումը։ 1992թ. փետրվարին ադրբեջանական զինված ստորաբաժանումների Շուշիից արձակած «Գրադ» կայանքի հրթիռային կրակով ավերվեց Լեռնային Ղարաբաղի հեռուստատեսության և ռադիոյի շենքը։ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի, հայ բնակչությանը արտաքսելու փորձերի ընթացքում, տնտեսական ճնշումների ու շրջափակման հետ միասին հրթիռային ռմբակոծության էր ենթարկում բնակավայրերը, ոչնչացնում խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի կողմից կիրառված «խանձված հողի» քաղաքականությունը կրում էր պետական բնույթ։ Այն անուղղելի վնասներ հասցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը։ Դեռ մինչև 1994թ. մայիսի զինադադարը և հատկապես դրանից հետո ԼՂՀ իշխանությունները հայտնվեցին ավերված բնակարանային ֆոնդը վերականգնելու անհրաժեշտության առաջ։ Ռազմական ագրեսիայի հետևանքները հիրավի աղետալի էին։ Հակամարտության տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհայտ կորած խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը կազմել է 596 մարդ։ Պատերազմի տարիներին շրջափակման և էներգետիկ ճգնաժամի պատճառով խախտվեց արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Միաժամանակ, ոռոգման ցանցի քայքայման, ցանքատարածությունների կրճատման հետևանքով տեղի ունեցավ գյուղատնտեսական արտադրության ծավալների անկում, որը հասցրեց գործազրկության ու ազգաբնակչության սոցիալական վիճակի ծանրացման։ Պատերազմի ընթացքում տնտեսությունը սկսեց վերակառուցվել ռազմական պահանջներին համապատասխան։  

2. ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ[edit]

Սահմանադրության ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից է։ Այն ընդունվեց 2006թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը։ Դեռևս միջազգային ճանաչում չստացած հանրապետության հիմնական օրենքը իրավական ձևակերպում տվեց հասարակական-քաղաքական կյանքի բոլոր բնագավառներին։ Սահմանեց ԼՂՀ քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու պարտականությունները։ Սահմանադրության հենց առաջին հոդվածը ազդարարում է, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է։ Այստեղ սահմանվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման սկզբունքները, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների գործունեության ոլորտները և այլն։ ԼՂՀ Սահմանադրությունը ըստ էության ամրագրեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։

3. ԼՂՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ[edit]

Լեռնային Ղարաբաղում 1990-ական թվականներին հատկապես հասարակական-քաղաքական կյանքին համարժեք ստեղծվեց կրթական ու մշակութային նոր համակարգ։ ԼՂՀ կրթությունն առավել կարևորվող և առաջնային համարվող բնագավառներից է։ Վերջին տարիներին կրթությանն ուղղված պետական ծախսերն աճում են։ Եթե 2004թ. կրթության ոլորտին պետական բյուջեի հատկացրած ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 5,25%-ը, 2005-ին՝ ՀՆԱ-ի 6,4%-ը, 2006-ին՝ 7,4%-ը։ ԽՍՀՄ փլուզումից և ԼՂՀ հռչակումից հետո սկսվեց դպրոցական կրթության կատարելագործման ուղիների որոնումը։ Մշակվում են ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվում են ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր։ ԼՂՀ ԱԺ ընդունած օրենքով հայ երեխաները պիտի սովորեն հայկական դպրոցներում։ Կրճատվեց ռուսական դպրոցների թիվը։ 2005–2006թթ. ուսումնական տարում ԼՂՀ-ում գործել են 182 հանրակրթական դպրոցներ։ Հանրապետության տնտեսության ճգնաժամային իրավիճակը խոչընդոտում էր կրթական կյանքի զարգացմանը։ Սակայն աստիճանաբար հաղթահարվեցին այս ոլորտի դժվարությունները։ Հանրապետությունում մշակվում են 2006-2007 ուսումնական տարվանից 12–ամյա ուսուցման անցնելու հետ կապված հարցերը։ Համակարգի բարեփոխման ուղղությամբ 2005–2006թթ. իրականացվեցին մի շարք միջոցառումներ, որոնցից էր ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը։ 2005-ին ուսուցիչների միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 65,3 տոկոսով, իսկ 2006-ին 16,2 տոկոսով։ Որոշակի աշխատանքներ են տարվել ԼՂՀ գյուղական և վերաբնակեցվող բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու, դպրոցները տեխնիկական նորագույն միջոցներով ապահովելու ուղղությամբ։ Անկախության տարիներին ԼՂՀ-ում լուրջ ուշադրություն դարձվեց նաև նախադպրոցական կրթության զարգացմանը։ 2006թ. հանրապետությունում գործում էր ոչ պետական 21 մանկապարտեզ 1100 երեխաներով, իսկ հանրակրթական դպրոցներում գործում էին 24 նախադպրոցական խմբեր։ ԼՂՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում մասնագիտական կրթությանը։ 2004/2005 ուսումնական տարվանից ԼՂՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է երկաստիճան համակարգով՝ բակալավրի և մագիստրոսական ծրագրերով։ Ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների մասնագետների պատրաստման գործում մեծ ներդրում ունի Արցախի պետական համալսարանը։ Այնտեղ սովորում են 4927 ուսանողներ, որոնցից 1579-ը՝ հեռակա ուսուցմամբ։ Ներկայումս Արցախում գործում են մեկ տասնյակից ավելի մասնավոր բուհեր՝ վճարովի հիմունքներով։ Արցախյան շարժման և ԼՂՀ կազմավորմանը զուգընթաց նոր թափ ստացավ հրատարակչական գործը։ «Խորհրդային Ղարաբաղ» թերթը վերանվանվեց «Արցախ», «ԼՂ հանրապետություն», այնուհետև «Ազատ Արցախ»։ Հանրապետության շրջաններում և քաղաքներում սկսեցին լույս տեսնել «Ստեփանակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ամարաս» և այլ թերթեր։ Հրատարակվում են նաև «Արցախ», «Գիտությունը և կրթությունը ԼՂՀ-ում», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսները։ ԼՂՀ-ում անկախության տարիներին լուրջ ուշադրություն դարձվեց ոչ միայն մշակութային ոլորտի մեջ ընդգրկված գրադարանային, այլև թանգարանների, արվեստի՝ թատերարվեստի, երաժշտության և պարարվեստի զարգացմանը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության գործին։ 2006թ. ԼՂՀ-ում գործում էին 8 գրադարաններ, 7 երկրագիտական թանգարաններ։ 1992թ. դեկտեմբերին կազմավորվեց «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։ Մեծ հաջողությամբ են գործում «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը՝ մանկական երգչախումբը և այլն։ Ստեփանակերտին մի առանձին վեհություն է հաղորդում հայտնի քանդակագործ Մարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը, որը դարձել է Արցախ աշխարհի խորհրդանիշը։ Միջազգային մշակութային համագործակցության կարևորագույն և անբաժանելի մասն են կազմում Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերը, որոնք իրականացվում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում։